ՀՀ կառավարությունը հաստատեց 2018-ի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Արձանագրությամբ բնական գազի գինը ՀՀ-ի համար 2018-ի հունվարի 1-ից մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:
«Սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության հաստատումը ՀՀ նախագահի կողմից»,- ասված է հիմնավորման մեջ: