Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Աժ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը, որ՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: «Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում»` ասել է վարչապետը` պատասխանելով հարցին՝ ողջունո՞ւմ է այդ հայտարարությունը: «Ազատության, հարցերին պատասխանելով` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԺ լուծարման սցենարը չի փոխվել` հրաժարական, որից հետո երկու անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրի:
«Ճնշումներ եղե՞լ են: Աշոտյանը հայտարարեց, որ ռեպրեսիվ ապարատը ճնշումներ է բանեցնում պատգամավորների նկատմամբ» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև էսօր Ազգային ժողովի բոլոր, կամ եթե ոչ բոլոր՝ շատ պատգամավորներ նաև իրենց հարևանների, բարեկամների, երբեմն նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են: Ուղղակի, կարծում եմ, առաջին հերթին իրենք իրենց շրջապատի ճնշմանն են չակերտավոր արձագանքել: Իշխանությունը իր ասելիքը հրապարակային է ասել: Հրապարակային ասել է և, իհարկե, մարդկանց հետ եղել են կոնտակտներ և այդ հրապարակային հայտարարությունների համատեքստում»: Նա հաստատել է, որ Աժ արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերին, փոփոխված օրենսգրքով ընտրությունների գնալը համարել է ռեալ է, «բայց եթե խորհրդարանը չընդունի էդ նոր օրենքը, այո, հնով կգնանք»: