Հունաստանի ու անտիկ շրջանի ամենահայտնի տաճարը՝ Աթենքի Ակրոպոլիսը հոկտեմբերի 11-ին փակ էր այցելուների համար: Զբոսաշրջիկները տաճարը լուսանկարում էին հեռվից: Մշակույթի նախարարության աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել: Նրանք մտահոգված են, որ Հունաստանի ազգային արժեքը կարող է սեփականաշնորհվել: Գործադուլավորները կառավարությանը մեղադրում են Ակրոպոլիսը սեփականաշնորհման հիմնադրամից չհանելու մեջ, որը ֆինանսական ճգնաժամի ժամանակ ստեղծվել էր Հունաստանին վարկավորող երկրներին ու ֆինանսական միջազգային կառույցներին արտաքին պետական պարտքը նաև սեփականաշնորհման միջոցով մարելու համար: Ֆինանսների ու մշակույթի նախարարությունները հայտարարել են, որ այդ մտահոգություններն անհիմն են, հավաստիացնելով որ պատմամշակութային հուշարձաններն այդ հիմնադրամին չեն հանձնվում: Ակրոպոլիսի մոտի պաստառին գրված է. «Չի վաճառվում»: