Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:
«Մենք լիովին գիտակցում ենք պատասխանատվությունը, որ այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ երկու տարի նախագահելու համար։ Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության համար։ Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնել և շնորհավորել Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթաժողովից հետո»` ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Բախվելով բազմաթիվ մարտահրավերների, որոնց առճակատվում են մեր հասարակությունները, կարևոր է համախմբվենք մեր համամարդկային արժեքների շուրջ, մշտապես ապահովենք հարգանքը մեր բազմազանության հանդեպ և խթանենք փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքի տարբեր հատվածների միջև։ Այդ պայմաններում է, որ «Ապրել միասինը» կարող է լինել խաղաղության և բարեկեցության աղբյուր ֆրանկոֆոն տարածքում։ Դա շատ գեղեցիկ ձգտում է, որ ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասինը» և որոնք իրենց տեղն են գտել այն կոչում, որ մենք պետք է անենք», - ասել է վարչապետը: «Բախվելով բազմակողմանիության ճգնաժամին` մեր ցանկությունն է ավելի ամրապնդել համագործակցությունը և քննարկումները Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև տարբեր բնագավառներում, որոնք վերաբերում են խաղաղության, անվտանգության, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, կայուն զարգացման կամ դարձյալ Մարդու իրավունքների հարգման հարցերին, քանի որ այդ համագործակցությունը վստահաբար թույլ կտա ավելի արդյունավետ արծարծել այս հարցերը, իսկ Ֆրանկոֆոնիային՝ շարունակել հաստատվել որպես միջազգային հարաբերությունների դերակատար։ Այս հրավերը՝ մտորելու այս հարցերի շուրջ, մեր Համաժողովի աշխատանքների առանցքում է», - հայտարարել է Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը, կազմակերպության հետագա գործունեությանը, ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, երկխոսության խորացմանը վերաբերող հարցեր: