Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Մոլդովայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ տեղի ունեցող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների փոխգործակցության ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, այդ թվում` երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոլդովայի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխշահավետ ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ջերմորեն ողջունել է նրան Երևանում` շնորհակալություն հայտելով հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Վարչապետը կրկնակի արժեքավոր է համարել Բելգիայի վարչապետի այցը հիմա` հաշվի առնելով այս շրջանում միջազգային ասպարեզում Բելգիայի ծանրաբեռնված գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում Շառլ Միշելին համարում են հայ ժողովրդի բարեկամը նրա գործունեության և վերաբերմունքի համար: Բելգիայի վարչապետը բարձր է գնահատել ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ ՀՀ իշխանությունների աշխատանքը և գոհունակություն հայտնել քննարկումների ընթացքից: Շառլ Միշելը նշել է, որ գագաթաժողովի կազմակերպվածության բարձր մակարդակով այս օրերին Հայաստանը դարձել է ֆրանկոֆոն երկրների հավաքատեղի` իր վրա կենտրոնացնելով միջազգային հանրության ուշադրությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանը, իրենց նախորդ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդւնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային: Վարչապետը ողջունել է նրա մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը լավ հնարավորություն է ինչպես ՖՄԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ երկկողմ ծրագրերն ու հետագա անելիքները քննարկելու համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ՖՄԿ գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ` նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այս կարևոր միջոցառմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի գործակցության, կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել գիտության, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին: