ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի բացումն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի պատմությանը

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգի բացումն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի պատմությանը
12.10.2018 | 14:28

Երևանի Հանրապետության հրապարակում երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի գալա համերգի բացման արարողությունն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի հազարամյակների պատմությանը: Շքեղ գունային ու լուսաձայնային շոուի միջոցով համերգի կազմակերպիչները րոպեների ընթացքում ներկայացրին Հայաստանի ու հայ ժողովրդի անցած ուղին` Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանից մինչև 2018-ի թավշյա հեղափոխություն:


Դեռևս մեր թվարկությունից առաջ, 1-ին դարում Հայաստանի սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Գալա համերգի հանդիսավոր բացման արարողության առաջին վայրկյաններին պարային ու դերասանական համարով ցույց տրվեց Արքայից արքա Տիգրան Մեծի կառավարման այդ փառահեղ ժամանակաշրջանը: Բեմից հնչող շարականի անզուգական կատարմամբ հանդիսատեսին ներկայացվեց 301-ը, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջինը երկիրը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Պատկերն էլ ավելի ամբողջացավ, երբ բեմում երևացին նաև քրիստոնեության հիմնական խորհրդանիշները` խաչն ու ձուկը: Հայոց պատմության ընթացքում Հայաստանից դուրս բազմաթիվ հայաշատ օջախներ են ստեղծվել, իսկ դրանցից մեկին հաջողվել է անգամ հայրենիքից դուրս լինել հայկական թագավորություն: Կիլիկյան Հայաստանի պատմությունը բեմում ներկայացվեց ծովային առևտրի պատկերներով: Սայաթ-Նովա, Տիեզերական վարդապետ Նարեկացի, Մարտիրոս Սարյան. անուններ, որոնք աշխարհը գրավել են իրենց ստեղծագործություններով: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգի հանդիսատեսը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ տեսնել ու զգալ դրանք: Հայկական մշակույթի ներկայացումից հետո գալա համերգի բեմը ողողվեց կարմրով. եկել էր ժամանակն աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու`1915թ.-ի Հայոց ցեղասպանության մասին: Գաղթի ճանապարհն ու ցեղասպանությունը ներկայացնող տեսարաններն ամբողջացրեց Ջիվան Գասպարյանը` հայկական ծիրանափողի՝ դուդուկի անզուգական կատարմամբ: Սովետական Հայաստանի ժամանակաշրջանին անդրադառնալիս չշրջանցվեց հայկական կոնյակը, որի պատվիրատուն Կրեմլն էր, իսկ հայկական «Դվին» կոնյակը խմում էր անձամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը: Հայկական ջազի հնչյունների ներքո բեմում սկսեցին թվարկվել այն մեծերի անունները, որոնցով աշխարհը ճանաչել ու ճանաչում է Հայաստանն ու հայերին: Մինասի, Արամ Խաչատրյանի, Խորեն Աբրահամյանի, Մարտիրոս Սարյանի, Հրանտ Շահինյանի, Եղիշե Չարենցի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Թումանյանի ու Ատոմ Էգոյանի կողքին հիշատակվեց նաև հայկական «System of a Down» ռոք խումբը, որի ավանդը մեծ է աշխարհի կողմից Հայաստանի ճանաչման գործում:
Գալա համերգի բացման հատվածում հազարամյակների Հայաստանի պատմության ներկայացումն ավարտվեց 2018-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության պատկերներով, ինչպես նաև՝ այդ իրադարձությունների առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆրանսերեն ասված ողջույնի խոսքով` «Բարի գալուստ Հայաստան»:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ