Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առավոտյան ժամը 08:45-ից շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքները: Օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի զեկույցը, գլխավոր քարտուղարի զեկույցի և գագաթաժողովի թեմայի ընդհանուր քննարկում, հայտարարության, բանաձևերի և գագաթաժողովի այլ փաստաթղթերի ընդունում, ասոցացված անդամների հայտարարություն և հաջորդ գագաթնաժողովի վայրի և ամսաթվի սահմանում: Հաջորդ գագաթնաժողովը 2020-ին կանցկացվի Թունիսում:
Այսօր տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ լիիրավ անդամների դռնփակ նիստի ժամանակ՝ 1+0 ձևաչափով: Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցակցում են Կանադան ներկայացնող գործող քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Միկայել Ժանը կազմակերպությունը գլխավորում է 2015-ի հունվարից, Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել է Աֆրիկյան պետությունների միությունը։ Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկությամբ` Կանադան ու Ֆրանսիան պաշտպանում են Ռուանդայի թեկնածուին:
Գագաթաժողովի երկրորդ օրը ՖՄԿ-ը ընդունելու է բանաձևեր: Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ դրանց թիվը 6-ն է, և դրանցից մեկում լինելու են ձևակերպումներ նաև ԼՂ հիմնախնդիրների նման հակամարտությունների վերաբերյալ:
Նախկինում ևս Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովներն ընդունել են ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանաձևեր` 2012-ի՝ Կինշասայում, 2014-ին՝ Դակարում, 2016-ին՝ Անտանանարիվուում ընդունված բանաձևերի ձևակերպումներում ՖՄԿ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։ Նրանք նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա:
Գագաթնաժողովն ամփոփվելու է այսօր՝ եզրափակիչ մամուլի ասուլիսով: