«Սա արտառոց ուղևորություն է, որը երկար կհիշենք», - ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը: Առավոտից նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պետությունների ղեկավարների տիկնանց հետ եղավ Երվանդ Քոչարի թանգարանում, ծանոթացավ Քոչարի ստեղծագործություններին: Այնուհետև զբոսնելով քայլեց դեպի Գաֆեսչյան արվեստի կենտրոն, շրջեց գրեթե բոլոր ցուցասրահներում, ծանոթացավ ցուցանմուշներին:
Դուրս գալով՝ Բրիժիտ Մակրոնը շատ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, խոսեց նաև առաջին տիկնանց դերի մասին՝ ընդգծելով, որ կոնկրետ իր համար ամենից կարևորը Ֆրանսիային ծառայելն է և Ֆրանսիային պատիվ մատուցելը: «Շնորհակալություն Հայաստանին այս արտառոց ընդունելության համար: Շատ բան ավելի լավ հասկացանք՝ լինելով այստեղ, և այլևս ցանկություն չունենք հեռանալու: Սա արտառոց ուղևորություն է, որի մասին երկար կհիշենք և կրկին կայցելենք», - ասաց Ֆրանսիայի առաջին տիկինը: Տիկին Մակրոնը բարձր տրամադրություն ուներ, ողջունում էր հավաքված քաղաքացիներին, որ ցանկություն ունեին նրա հետ լուսանկարվելու կամ պարզապես ձեռքը սեղմելու: Կասկադի ֆոնին խմբակային լուսանկարվելուց հետո առաջին տիկնայք տեղի սրճարաններից մեկում ճաշեցին, հետո Բրիժիտ Մակրոնը իր անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին զբոսնելով եկավ Օպերայի շենքի բակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավան, այցելեց Ֆրանսիայի և Հայաստանի տաղավարները: Հայաստանի տաղավարում նրան գիրք և ցորենի հասկեր նվիրեցին: Այնուհետև քայլելով, գրեթե յուրաքանչյուր քայլափոխի կանգ առնելով, քաղաքացիների հետ լուսանկարվելով, նրանց ձեռքերը սեղմելով, Ֆրանսիայի առաջին տիկինը հասավ հյուրանոց: