Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում մասնակից պետությունների ղեկավարների հետ:
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ: Նախագահները կարևորել են երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Թունիսի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել իր երկիր։
Հանրապետության նախագահը հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին: Նախագահը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, գիտական և կրթական ոլորտներում մեծ ներուժի օգտագործումը: Վիետնամի փոխվարչապետն իր երկրի ղեկավարության անունից նախագահ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ:
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովում Գամբիային շնորհվել է դիտորդի կարգավիճակ:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ օրերս ստորագրված արձանագրությունը և համոզմունք հայտնել, որ այն խթան կդառնա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար։ Նրանք քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր գործակցությանը, Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։