Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի ԱԳ նախարար Լուիս Մուշիկիվաբոն: Թեկնածու էին առաջադրվել կազմակերպության գործող գլխավոր քարտուղար, կանադացի Միկայել Ժանն ու Ռուանդայի ԱԳ նախարար Լուիս Մուշիկիվաբոն: Միկայել Ժանը այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 է թվականից, իսկ Լուիս Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել էր Աֆրիկյան պետությունների միությունը:
Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի 2020 թվականին, Թունիսում: «Ես որպես գլխավոր քարտուղար կարևորություն եմ տալու ֆրանսերենին այս բազմալեզու աշխարհում: Այն 9 տարին, որ ես անցկացրեցի Ռուանդայի դիվանագիտական ոլորտում, ես փորձել եմ լուծումներ գտնել կոնկրետ հարցերի, մի երկիր, որը տուժել է ցեղասպանության պատճառով, որը նաև կարողացավ վերակառուցվել, ես ուզում եմ ֆրանկոֆոնիային տալ իր դերը որպես մի ատյան, որը կունենա հաշտարարի դեր այդ բանակցություններում».-գագաթաժողովից հետո ասուլիսում հայտարարեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը: