Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովն ավարտեց իր աշխատանքները: Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այսպիսի միջոցառման հարթակ լինելու համար: ՖՄԿ գագաթաժողովի եզրափակիչ ասուլիսում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասաց. «Մեր սրտերում կմնան համակեցության այն վառ օրերը, որոնց շնորհիվ Ֆրանկոֆոնիայի ավանը դարձավ Ֆրանկոֆոնիայի հիշատակման հիանալի մի վայր»: Նախարարը կարևորեց ՖՄԿ գագաթաժողովին անդամ երկրների մասնակցությունը: «Հատկապես մեր մտքերի որակյալ փոխանակման և կառուցողական երկխոսության համար՝ Հաայաստանի կողմից առաջարկված «Ապրելով միասին» կարգախոսի շուրջ»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ընդունելով այդ գաղափարախոսությունը և Երևանյան ակտը՝ իրենք ուրվագծել են ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասաց նա:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ որպես ՖՄԿ նախագահությունը ստանձնած երկիր, Հայաստանը մի շարք նախագծեր կիրականացնի ՖՄԿ-ի հետ, սերտ համագործակցություն զարգացնելով միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ` ԵԽ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի: Ըստ նրա՝ կաշխատեն Երևանում տնտեսական ֆորումի ժամանակ հիմնված թվային տեխնոլոգիաների նախարարների ցանցի հետ, նախատեսում են նաև ֆորումներ տնտեսական ինտեգրացիան զարգացնելու համար: «ՖՄԿ-ի տնտեսական ռազմավարությանը համապատասխան՝ մենք Հայաստանում կկազմակերպենք տնտեսական ֆորում՝ Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային կազմակերպությունների միջև տնտեսական զարգացման համար»,- ասաց նա: