Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի Արցախյան հիմնահարցին առնչվող մասին՝ «ստահոդ» և «իրականությունից հեռու» անվանելով: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանի իշխանություններին «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների» մասին ճշմարտությունը թաքցնելու և բանակցային խաղաղ գործընթացի սկզբունքներին հակասելու համար:
Ըստ Բաքվի` Փաշինյանի վերջին ելույթը հակասում է Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ոգուն, գրում է minval.az-ը:
«Հայաստանը պետք է գործի՝ համաձայն միջազգային հանրության դիրքորոշման ու իր ստանձնած պարտավորությունների, կառուցողական կերպով մասնակցի բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության հնարավորինս արագ կարգավորմանը»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ հայկական զորքերը պետք է «դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից», ինչից հետո միայն կարող է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվել: