Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան, ամուսնացել Է իր տարիների ընկերոջ՝ գինու առեւտրով զբաղվող 31-ամյա Ջեկ Բրուքսբենքի հետ: Պսակադրությունը հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Վինձորի դղյակի Սբ. Գեւորգ մատուռում, որը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը համարում է իր ընտանեկան եկեղեցին: Հարսնացուի ամուսնական մատանին պատրաստված է թագուհու նվիրած ոսկուց, որն իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի եւ որդու՝ Ուելսի արքայազն Չառլզի հետ միասին ներկա էր պսակադրության արարողությանը: Հանդիսությանը միացել են Քեմբրիջի դուքս եւ դքսուհի Ուիլյամն ու Քեյթը՝ իրենց զավակների՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոտայի հետ միասին:
Մատուռից դուրս գալուց հետո նորապսակների զույգը նստել Է սպիտակ ձիերով լծված կառք եւ ոչ մեծ ուղեւորության մեկնել Վինձորի փողոցներով, որ ողջունի բրիտանական թագավորական ընտանիքի հազարավոր երկրպագուներին: 28-ամյա արքայադուստր Եվգենյան թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի եւ նրա նախկին կնոջ՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի կրտսեր դուստրն է: Ապագա փեսացուի հետ նա ծանոթացել է 2011-ին շվեյցարական Վերբիե լեռնադահուկային առողջարանում: