Ֆրանկոֆոնիայի նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն մեծ պատիվ է համարում նոր պաշտոնը: Հոկտեմբերի 12-ին ՖՄԿ գագաթաժողովի փակման ժամանակ իր ելույթում նա նշեց, որ հաճույքով է ստանձնում նոր պարտավորությունները: «Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում ընտրվելը: Երևան էի եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի կարգավիճակով, Երևանից գնալու եմ արդեն քարտուղարի պաշտոնում: Համոզված եմ, որ այս ընտանիքը մեծ ներուժ ունի: Պատահական չէ, որ ներկայացրել եմ իմ թեկնածությունը, ցանկանում եմ ավելի շատ ծառայել մարդկանց: Սա մարտահրավեր է, որը կփորձեմ հաղթահարել: Սա մի գործ է, որը ես միայնակ չեմ անելու»` ասաց Լուիզ Մուշիկիվաբոն: Նա նշեց, որ իր համար կարևոր էին կազմակերպության անդամների հետ հանդիպումները, որոնց ընթացքում հավաքագրել է նրանց գաղափարները, լսել ակնկալիքները, որ կարողանան ընդհանուր նախագիծ մշակել:
«Ցանկանում եմ գլխավոր քարտուղարության անունից հայտարարել, որ ծառայելու ենք անդամ երկրներին: Տարբեր հանդիպումերի ժամանակ փորձեցի լսել շատերի ցանկությունները, ոմանք նշում էին, որ ուրախ են Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը մաս կազմելու համար: Շատերը կիսվեցին մտահոգություններով, տեղեկացրին, որ ֆրանսերենն ավելի նվազ է կիրառվում իրենց հասարակությունում: Ես, որպես գլխավոր քարտուղար, կարևորություն եմ տալու ֆրանսերենի տարածմանը»,-ասաց Լուիզ Մուշիկիվաբոն: Նա 9 տարի աշխատել է դիվանագիտական ոլորտում, ձեռք է բերել կապեր, հաստատել հարաբերություններ տարբեր երկրների հասարակությունների ներկայացուցիչների հետ և վստահեցրեց, որ տարիների ընթացքում ունեցած, փորձը, կապերը, հնարավորությունները ծառայեցնելու է ի շահ կազմակերպության: «Ես վստահ եմ, որ բոլոր հարցերին պետք է լրջորեն անդրադառնալ, չեն լինելու թեթև հարցեր: Ես վստահ եմ, որ մենք միասին ենք աշխատելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրներին, ովքեր աջակցել են ինձ, նրանց՝ ովքեր պատրաստակամ են այս 4 տարիներին լինել իմ կողքին»,-հավելեց նա: