ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, որ երկու տարի Թուրքիայում կալանքի տակ մնալուց հետո՝ երեկ վերադարձել է հայրենիք: «Թուրքական բանտից Սպիտակ տուն 24 ժամում՝ վատ չէ», - ընդունելով հոգևորականին՝ ասել է Դոնալդ Թրամփը:
Թուրքիայի կողմից լրտեսության և ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվող պաստորի ազատազրկումը դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում: Բրանսոնին ազատ արձակելու պահանջով անցած օգոստոսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ, որից հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել էր:
Երախտագիտություն հայտնելով ԱՄՆ վարչակազմին իր ազատ արձակման ջանքերի համար՝ պաստորը, ձեռքը դնելով նախագահ Թրամփի ուսերին, աղոթել է՝ խնդրելով Աստծուց «իմաստնություն տալ նրան՝ Ամերիկայի համար ճիշտ որոշումներ կայացնելու»: