ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական քարտուղար Մայք Պոմպեոյին կարգադրել է անհապաղ մեկնել Սաուդյան Արաբիա և տեղեկություններ ստանալ լրագրող Ջամալ Հաշոգիի առեղծվածային անհետացման մասին: Թրամփի փոխանցմամբ, պետքարտուղարն անհրաժեշտության դեպքում կմեկնի նաև այլ երկրներ ու Թուրքիա, որտեղ անհետացել է լրագրողը: ԱՄՆ և Սաուդյան Արաբիան տարածաշրջանում դաշնակիցներ են, և, մի կողմից, Վաշինգտոնին խիստ անհրաժեշտ է այդ երկրի հետ սերտ կապերի պահպանումը, մյուս կողմից, Սպիտակ տունը չի կարող անտեսել քննադատության հսկայական ալիքը, որն ամբողջ աշխարհում բարձրացել է լրագրողի անհետանալուց հետո: Մի քանի պետություններ հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք միջազգային հավաքներին: