Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին՝ Ղրիմի Կերչ քաղաքի Ճարտարագիտական քոլեջում պայթյունի և հրաձգության կապակցությամբ, որին զոհ են դարձել և վիրավորվել մի քանի տասնյակ մարդիկ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Դատապարտելով կատարվածը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին և հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին: «Թող Ամենողորմ Տերն Իր երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի զոհվածների հոգիները և պահպանի Ռուսաստանը նմանօրինակ ողբերգություններից՝ Իր Աջի հովանու ներքո խաղաղ և անվտանգ պահելով նրա բարեսեր ժողովրդին», - նշել է Նորին Սրբությունը: