ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում իր գործունեությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի գնահատականները՝ որակելով միջամտություն Հայաստանի ներքին գործերին:
Հոկտեմբերի 17-ին ճեպազրույցի ժամանակ Զախարովան անդրադարձել է Միլզի հայտարարությանը, որ ԱՄՆ դեսպանատունը տասնամյակներ շարունակ աջակցել է մի շարք խմբերի եւ Հայաստանի կառավարության մի շարք ներկայացուցիչների:
«Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց դույզն ինչ քաշվելու, ավելին՝ հպարտությամբ: Իբր, այս ամենն արդարացված է եւ պետք է բարի նպատակների համար՝ «Հայաստանը դարձնել ավելի արդար ու թափանցիկ հանրություն», – ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ ինչ-որ պահի դեսպանը հասկացավ, որ այլ տեղ է տանում ու շտկեց խոսքը՝ նշելով, որ տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունները պայմանավորված էին ներքին պատճառներով: Դեսպանը խոսել էր նաև հայ ժողովրդի անբեկանելի կամքի ու փոփոխությունների մասին: «Արդարանալն ուշ էր, քանի որ առաջին մասը եթերում արդեն հնչել էր», – ասել է Զախարովան: Նա մեկնաբանել է նաև Միլզի մտահոգությունը, որ «Հայաստանի կառավարությունում ոմանք անհրաժեշտ են համարում սահմանափակ միջոցները կենտրոնացնել բարձր տեխնոլոգիական սեկտորներում՝ դուրս բերելով գինեգործությունից, տուրիզմից, հանքարդյունաբերությունից»: «Եկեք որոշենք, այլ երկրների գործերին միջամտությունը լավ է, թե վատ», – արձագանքել է Զախարովան: