Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունենում Եփրատի ափին, որը գտնվում է ԱՄՆ-ի հովանու ներքո, այնտեղ դեռ գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերը, որոնք շուրջ 700 մարդու են պատանդ վերցրել` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ահաբեկիչները վերջնագիր են ներկայացրել՝ խոստանալով 10-ական մարդու գնդակահարել և 2 օր առաջ գնդակահարել են առաջին 10-ին:
«Այո, այնտեղ դեռ շատ խնդիրներ կան: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Եփրատի ձախ ափին: Այդ տարածքը գտնվում է մեր ամերիկացի գործընկերների հովանու տակ, այնտեղ նրանք ապավինում են քրդական զորամիավորումներին: Բայց նրանք աշխատանքն ավարտին չեն հասցրել. այնտեղ մի շարք բնակավայրերում ԻՊ-ի ներկայացուցիչներ են մնացել», - հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով «Վալդայ» ակումբի նիստի մասնակիցների հարցերին: Նա նշել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները վերջին ժամանակներում սկսել են ընդլայնել իրենց ներկայության գոտին և 130 ընտանիքի են պատանդ վերցրել, որը կազմում է 700 մարդ: Ահաբեկիչները պատանդ են վերցրել նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիների: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ազատագրել է Սիրիայի տարածքի 95 տոկոսը՝ թույլ չտալով երկրին փլուզվել: