Միջազգային հանրությունը դատապարտում է ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը սաուդական հյուպատոսարանում և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել նրա մահվան հանգամանքների շուրջ:
Ուրբաթ օրը ուշ երեկոյան Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատեցին թագավորության քննադատ Ջամալ Հաշոգիի սպանությունը: Ըստ պաշտոնական վարկածի՝ հոկտեմբերի 2-ին Հաշոգին ծեծկռտուք է հրահրել Ստամբուլում երկրի հյուպատոսարանում իրեն դիմավորած անձանց հետ և սպանվել է: Հաղորդվել 18 ձերբակալվածի և երկու պաշտոնանկության մասին:
Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ «դատապարտում են այդ հանցագործությունը ամենավճռական ձևով» և պահանջում Էր-Ռիյադից ազնվորեն պատմել լրագրողի սպանության հանգամանքների մասին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Շաբաթ օրը այդ ԱԳՆ-ն հայտարարել է հետաքննության փուլում Սաուդյան Արաբիային սպառազինությունների մատակարարման հնարավոր չեղարկման մասին:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերենին ևս մանրակրկիտ հետաքննության կոչ է արել: Փարիզը հայտարարությամբ մեջ նշում է, որ թագավորության կոշտ ընդդիմախոսի սպանության գործում բազմաթիվ հարցեր մնում են «անպատասխան»: Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլենդը Էր Ռիյադի բացատրությունները որակել է «ոչ հետևողական և անբավարար»:
Ավստրալիայի վարչապետը հույս է հայտնել, որ «Սաուդյան Արաբիայի կառավարությունը լիովին կհամագործակցի թուրքական իշխանությունների հետ գործը հետաքննելու հարցում»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիայի իշխանությունների հայտարարությունը «առաջին կարևոր քայլն» է համարել ճշմարտությունը պարզելու ճանապարհին, բայց և խոստովանել է, որ պատասխանից «բավարարված չէ»:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ուշադիր հետևում են հետաքննության ընթացքին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի աշխատակազմն էլ ընդգծում է «խոր մտահոգությունը»՝ կոչ անելով հետաքննել Հաշոգիի սպանությունը:
The New York Times-ը գրում է, որ սաուդական իշխանությունները ֆինանսավորում են սեփական ինտերնետային թրոլների բանակը: 2010-ին «արաբական գարունից» հետո նման նախագիծ է նախաձեռնել սաուդական թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Թրոլների ֆաբրիկան գլխավորել է թագաժառանգի նախկին խորհրդականը: Հարյուրավոր մարդիկ գործունեություն է ծավալում Twitter-ում, WhatsApp-ում և Telegram-ում, վախեցնում են սաուդցի ընդդիմադիրներին հայրենիքում և դրսում: The New York Times-ի տվյալներով այդ կազմակերպության աշխատողը ստանում է ամսական 3000 դոլար: Թրոլները զբաղվում են հիմնականում Եմենի և մահմեդական երկրներում կանանց իրավունքների թեմաներով: Մեկ տարի առաջ Վաշինգտոնում հաստատված Ջամալ Հաշոգին, որ թղթակցում էր The Washington Post-ին, իր հոդվածներում հաճախ էր քննադատում 33-ամյա թագաժառանգին, պնդելով որ թագավորության փաստացի առաջնորդը ճիշտ բարեփոխումներ է փորձում իրականացնել, սակայն ծայրաստիճան սխալ ճանապարհով՝ ճնշելով ընդդիմախոսներին, զուգահեռ թանկարժեք պատերազմ սկսելով Եմենում, որը հանգեցրել է այդ երկրում հումանիտար աղետի:
The New York Times- ի փոխանցմամբ երեք շաբաթ առաջ սաուդական հյուպատոսարանում սպանված լրագրողը անձամբ էր պայքարում այդ «ֆաբրիկայի» դեմ: Անցյալ ամիս նա 5 000 դոլար է փոխանցել ակտիվիստներին, որ փորձում են հակադարձել սաուդական թրոլներին: