Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական էին, 25-ում՝ արտահերթ: Համայնքներից 42-ում ընտրել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամների, և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի:
Նախնական տվյալներով՝ Արմավիրում հաղթել է ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը։ Էջմիածնում նույնպես հաղթել է ՔՊ թեկնածուն՝ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է ՔՊ թեկնածուին։ Հրազդանում հաղթել է ՔՊ վարչության նախագահ, Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, նրան ՔՊ-ն չէր աջակցում։
ԿԸՀ նախնական տվյալներով՝ ժամը 20-ի դրությամբ, երբ փակվում են ընտրական տեղամասերը, 49 համայնքներում ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 43.28 տոկոսը: