Աֆղանստանում երեկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծայրահեղ իսլամիստները 200 հարձակում են իրականացրել: Աֆղանական լրատվամիջոցների տվյալներով սպանվել է 50 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է:
Associated Press-ը փոխանցում է, որ այսօր տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 6 երեխա: Հարձակումների հետևում, ըստ տեղական իշխանությունների, կանգնած է «Թալիբան» շարժումը:
Աֆղանստանի ներքին գործերի նախարար Վայս Ահմեդ Բարմաքը հայտարարել է, որ հարձակումների մեծ մասն իրականացվել է ընտրատեղամասերում:
Այսօր Աֆղանստանի 401 ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվում է: Կիրակի ինը միլիոն ընտրողների մեկ երրորդը արդեն քվեարկել էր: Ընտրողների ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է մայրաքաղաք Քաբուլում:
Ըստ պաշտոնական աղբյուրների քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 1-ից ոչ շուտ, վերջնականը՝ դեկտեմբերին:
Աֆղանստանի խորհրդարանի 249 մանդատների համար պայքարում է 2500 թեկնածու՝ նրանցից 400-ը կանայք են: