Երբ Ազգային ժողովը տապալեց կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ և հայտարարեց, որ ՀՀԿ-ն և նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են «սաբոտաժի քաղաքականություն վարելու համար»։
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում կամ վերջին 20 օրվա ընթացքում այդ մի քանի անգամ արդեն ակնհայտ երևաց, - ընդգծեց նա։ - Ըստ էության, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող օրենսգրքով, միևնույնն է, ոչ ոք չի կարող խլել ժողովրդի հաղթանակը»: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այս քայլով Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունը անխուսափելի են. «Առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մենք, ուղղակի, չենք կարողանա որևէ քայլ անել, որովհետև այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը»։ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների և հեղափոխությունը հասցնել վերջնական հանգրվանի։ «Ինչ Ընտրական օրենսգրքով էլ անցնեն խորհրդարանական ընտրությունները ժողովրդի հաղթանակը անխուսափելի է և ռևանշ չի լինելու», - հավելեց նա։