Իտալիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից և եվրոգոտուց` հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Հռոմում օտարերկրյա մամուլի ընկերակցությունում կայացած մամուլի ասուլիսում:
«Կարդացեք՝ նայելով շուրթերիս,-ասել է նա անգլերենով,- Italexit-ի` Եվրոպայից ու եվրոգոտուց մեր դուրս գալու ոչ մի շանս չկա»: Եվրոգոտուց Իտալիայի դուրս գալու շուրջ շահարկումները հայտնվել են Իտալիայում ներկա կոալիցիոն կառավարության ձևավորման փուլում, որի մասնակիցներն են «5 աստղ» Շարժումը» և «Լիգա»-ն. կուսակցություններ, որոնք հայտնի են եվրոսկեպտիցիզմով: Իտալիան Եվրահանձնաժողովի քննարկմանն է հանձնել 2019-ի բյուջեի նախագիծը և եռամյա բյուջետային պլանը, որոնցում կառավարությունը սահմանել է բյուջեի դեֆիցիտի այնպիսի մակարդակ, որը գերազանցում է ԵՀ-ի հետ համաձայնեցված շեմային մեծությունները:
Բրյուսելը Հռոմից պարզաբանումներ է պահանջել բյուջեի նախագծի ծախսային հոդվածների վերաբերյալ, որոնք կարող են խախտել Իտալիայի արտաքին պարտքի կայունությունը: ԵՀ-ում զգուշանում են, որ դա կբերի Իտալիայի արտաքին պարտքի հետագա ավելացման և դրա սպասարկման հետ կապված բարդությունների, ինչն իր հերթին սպառնալիքի տակ է դնում ամբողջ եվրոգոտին: Բրյուսելը սպառնում է տուգանային ընթացակարգեր կիրառել Հռոմի նկատմամբ: