Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող և հեռանկարային ուղղություններն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում սինգապուրյան խոշորագույն Vertex Venture Holdings վենչուրային ընկերության, շվեյցարական Swiss Sustainable Finance, գերմանական հանրահայտ Siemens ընկերությունների խմբի մեջ մտնող Siemens Financial Services կազմակերպության ղեկավարության հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր: Քննարկվել են նշված ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նրանց փորձը Հայաստանում ներդնելու, հայաստանյան ընկերությունների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելելու և համագործակցության շուրջ կառավարության հետ քննարկումներ ծավալելու վերաբերյալ։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, կարող է շատ կարևոր հանգույց լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, բոլոր պայմանները կան:
Vertex Venture Holdings-ը վենչուրային ֆոնդերի համաշխարհային ընկերություն է, որը գլխավորապես կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ու առողջապահության ոլորտներում վենչուրային ներդրումների հնարավորությունների վրա: Swiss Sustainable Finance-ը միավորում է 110 անդամ և գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ շվեյցարական բանկերը։ Նրա գործունեությունն ուղղված է «մաքուր տնտեսության» գաղափարին և մաքուր ինդուստրիայի զարգացմանը, ինչն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար։
Siemens Financial Services ընկերության հետ քննարկվել է էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, նշվել է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, կարող է կամուրջ լինել դեպի եվրասիական շուկաներ: