Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ի օրակարգում չէ` «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ամփոփիչ ասուլիսում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: Ավելի վաղ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության հարցին ի պատասխան ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
«Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցություններ և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որ հակամարտություններ չլինեն», - ղարաբաղյան կարգավորման մասին հարցին ի պատասխան ասաց նա։ Գլազևի խոսքով՝ ԵԱՏՄ-ն բաց է բոլորի համար։