ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, եթե երկուշաբթի արտահերթ նիստ հրավիրվի ու Ընտրական օրենսգրքի նախագիծը նորից քննարկվի, ՀՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում կունենա:
«Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք մեր պատկերացումներում, դիրքորոշումներում ու հայտարարություններում: Այս պահին արդեն ՀՀԿ խմբակցությունը փոքրամասնություն է, շատ լավ գիտեք, որ նույնիսկ 40 մարդ չկա խմբակցությունում: Եվ դնել պատասխանատվությունն ընդդիմության վրա, որը համաձայն չէ այդ մոտեցմանը, իսկ ՀՀԿ-ն հայտարարեց, որ համաձայն չէ կարճ ժամկետում կատարել լուրջ փոփոխություններ, ճիշտ չէ: Կան առնվազն 67-69 անձնավորություններ, որոնք տվել են իրենց համաձայնությունները, որ իրենք կաջակցեն, և նախագիծը կանցնի: Եվ ցավալին այն է, որ մարդիկ տալով այդ համաձայնությունը, միայն խոսքով են ասում, բայց իրականում գործնականում չտվեցին»,- ասաց Բաբալոյան: Նա համաձայն է այն մոտեցմանը, որ նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունները, չեն եկել քվեարկության, իրենց վրա է դրված, որ ստորագրություններ հավաքեն՝ նորից կազմակերպելու արտահերթ քննարկումներ: «Այո, սա շատ ճիշտ մոտեցում է, ես ողջունում եմ, որ կառավարությունը չի գնացել ինքը երկրորդ անգամ հրավիրելու, այլ այդ հնարավորությունը տվել է նրանց, ովքեր չիրականացրին իրենց պարտավորությունները»,- հավելեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն սաբսոտաժ է անում, Արա Բաբալոյանն ասաց, որ ոչ, երեկ քվեարկության ժամանակ, որքան էլ ՀՀԿ-ն ուրախ չէր, բայց ինքը, որպես ԱԺ նախագահ, հետաձգեց քվեարկությունը: «Ես տվեցի այդ հնարավորությունը, որպեսզի եթե կա մեծամասնություն, որն ուզում է աջակցել օրենքի ընդունմանը, գան, հավաքվեն ու ցույց տան իրենց դիրքորոշումը: ՀՀԿ-ն ինձ վրա ճնշում չգործադրեց, չհամոզեց, որ ես չտամ հնարավորություն: Սրանով ցույց տվեց, որ չի խոչընդոտում արդար քննարկումներին ու քվեարկությանը»,- ասաց Բաբլոյանը: