ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը
24.10.2018 | 12:11

Աժ-ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը։ Հայտարարելով, որ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ այս առաջադրումը ֆորմալ է և իրենք նպատակ չունեն այժմ ընտրել Նիկոլ Փաշինյանին։


«Այս ամենն արվում է, որպեսզի ապահովենք Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը՝ հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներից և իրավական անիմաստ բանավեճերից խուսափելու համար», - ասաց Նազարյանը՝ նշելով, որ իրենց թեկնածուի կենսագրությունն ու գործունեությունը ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ բոլորը ծանոթ են։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց՝ առաջադրվել է ոչ թե վարչապետ ընտրվելու այլ չընտրվելու համար։


«Իմ առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ։ Ես առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար, հետևաբար Ազգային ժողովը չպետք է քվեարկի իմ օգտին։ Իսկ առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիմտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցքը բացառելը, ինչին ես ավելի ուշ ավելի մանրամասն կանդրադառնամ։ Այս պահին ուզում եմ ընդգծել, որ միանշանակ է և աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ի վերջո պետք է դառնան Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի, վերջնական հանգրվանը», - ասաց Փաշինյանը։


Աժ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե այսօր Ազգային ժողովի նիստում վարչապետ չընտրվի, 7 օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որ Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ