Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Աժ-ի՝ 2018-ի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Աժ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: Նախագահի աշխատակազմի հայտարարությունում ասվում է․ «Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խոր ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ:
Օրենքի փոփոխությունների, «Աժ կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրաիրավական խնդիրների մասին: Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար»: