ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ուզում է պարզաբանել՝ այսօրվա իր առաջադրումը վարչապետի պաշտոնում կրում է ֆորմալ բնույթ: Եվ ինքը «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար: «Հետևաբար ԱԺ-ն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Իսկ առաջադրման իմաստը առաջիկա ընտրություններըի լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցքը բացառելը: Այս պահին ուզում եմ ընդգծել, որ միանաշանակ է և աներկբա՝ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ի վերջո պետք է դառնան Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր լավ առիթ է խոսելու վերջին 5.5 ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խորքային իմաստի և քաղաքական նշանակության մասին: Նա նշեց, որ նախ ուզում է անդրադառնալ հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ է Հայաստանում տեղի ունեցածը՝ հեղափոխությու՞ն, թե՞ պարզապես իշխանափոխություն:
«Ինձ համար միանշանակ է և աներկբա, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Հատկապես հեղափոխություն, որովհետև տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն: Իսկ այդ փոփոխության իմաստն այն է, որ մինչև 2018-ի ապրիլը Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ ուժը հանդիսանում էր քրեական տնտեսական-քաղաքական էլիտան, որին պատկանում էր ողջ իշխանությունը: Իսկ հեղափոխությունից հետո Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ քաղաքական ուժը հանդիսանում է ժողովուրդը, որը և կարողացավ այդ նույն քաղաքական ու տնտեսական էլիտային պարտադրել, որ իր նախընտրած թեկնածուին ընտրեն ՀՀ վարչապետ և հաստատեն ժողովրդի իշխանությունը»,- հավելեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հեղափոխություն տեղի է ունեցել, բայց իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ըստ Փաշինյանի՝ ժողովուրդն ու ժողովրդական կառավարությունը դեռևս չունեն իրենց գաղափարները լիարժեք կյանքի կոչելու գործիքը, որովհետև պետական կառավարման համակարգը, եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի հսկայական մասով ոչ միայն գործում է հին տամաբանությամբ, այլ նաև հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ է: Փաշինյանը նաև ասաց, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ չարաշահումների, կաշառքների, յուրացումների մեղադրանքով:
«Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպես կարող է 2018 -ի ապրիլ-մայիսից հետո որևէ պաշտոնյայի մտքով ՀՀ-ում անցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել: Սա անտրամաբանական է, պատկերացնո՞ւմ եք հեղափոխությունից մեկ շաբաթ անց կա պաշտոնյա, ով կաշառք է վերցնում և բռնվում է: Պատասխանը մեկն է՝ որևէ այլ տրամաբանություն չի կարող լինել: Կոնկրետ այս դահլիճից և նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ պահից հին համակարգին ազդակներ են փոխանցվել ու փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, թե այս ամենը շուտով հետ է պտտվելու, և հին համակարգը վերադառնալու է: Այսինքն՝ այդ մարդիկ, ովքեր շարունակում են գործել հին տրամաբանությամբ, նրանք պետք է ներշնչանքի աղբյուր ունենան, հետևաբար, ներշնչանքի աղբյուրը խորհրդարանական նախկին մեծամասնությունն է և նախկին իշխող համակարգը: Ընդ որում, այդ ներշնչանքը եղել է ոչ միայն ներքին խողովակներով, այլ նաև հրապարակային»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ-ականներն այս ընթացքում հայտարարել են, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք չկա: Սա, Փաշինյանի խոսքով, արվել է մի քանի նպատակով: Նախ, կոնսոլիդացված պահել նախկին կոռումպացված համակարգը, երկրորդ, Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային, այսինքն՝ անընդհատ մարդկանց տոկի տալ, հնարավորինս խթանել տնտեսական ու ներդրումային միջավայրը և հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար և սպասել հարմար պահի՝ ռևանշի հասնելու համար: Մինչ օրս, նրա խոսքով, ռևանշի իրական 3 փորձ է եղել: Առաջինը, Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացվելու փորձն էր, որը ձախողվեց ժողովրդի միանշանակ ու հուժկու մերժման պատճառով: Երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ փոփոխություններ կատարվեցին ԱԺ կանոնակարգ օրենքում: Բայց ընդամենը երկու ժամվա ընթացքում, Փաշինյանի խոսքով, 80 հազար քաղաքացիներ շրջապատեցին ԱԺ շենքը և ցույց տվեցին, որ ժողովրդի քաղաքական գործոնը բացառելու բոլոր փորձերը կարժանանան դիմադրության: Ռևանշի հասնելու երրորդ քայլն այս երկուշաբթի խորհդրարանում տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն խորհրդարանում տապալեց Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը: