Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» ամենայն հավանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով և ընտրացուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Հնարավո՞ր է, որ դաշինքի ցուցակում ընդգրկված լինեն ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ, ինչպես, Շիրակ Թորոսյանը, որ հայտարարել էր նման մտադրության մասին, Փաշինյանը նշեց. «Ես էլ չեմ բացառում»։ Հարցին, թե հնարավոր է, որ նման պատգամավորների շարքում լինի նաև Գևորգ Կոստանյանը՝ Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում»։
Փաշինյանը նկատեց, որ ձևակերպումը, թե հանրապետականներ ընդգրկված կլինեն իրենց ցուցակում, այդքան էլ տեղին չէ, քանի որ տպավորություն է ստեղծում, թե ամբողջ ցուցակը կազմված է լինելու Հանրապետականներից՝ ընդգծելով, որ կարող է լինել 2-3 նման դեպք։ Ո՞վ կլինի ընդդիմություն հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ դա կորոշի ժողովուրդը։ Խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն պնդումից, թե ի դեմս «Լույս» դաշինքի՝ «Իմ քայլը» ԱԺ-ում կունենա գրպանային ընդդիմություն, Փաշինյանը նշեց.
«Կարծում եմ՝ հարիր չէ պարոն Շարմազանովին այդպիսի բառապաշար օգտագործել»։