Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան երեկ ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, իր՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Հայաստանում կառավարությունը որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի իրականացնում որևէ վերահսկողություն: Հաշվի առնելով նաև իր լրագրողական երկարամյա գործունեությունը՝ այս հարցն իր համար ունի սկզբունքային նշանակություն: ՀՀ կառավարությունը երաշխավորելու է մամուլի ազատ գործունեությունը, որին իր պաշտոնավարման ընթացքում երբևէ որևէ վտանգ չի սպառնա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործադիրի բարեփոխումները միտված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու խոսքի ազատության ապահովմանը:
Հարլեմ Դեզիրը բարձր է գնահատել մամուլի ազատության աստիճանը Հայաստանում և ողջունել այդ ուղղությամբ կառավարության գործունեությունն ու քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանում այժմ տեղի են ունենում մեծ փոփոխություններ և ԵԱՀԿ-ն կարևորում է մամուլի և խոսքի ազատության պաշտպանության ուղղությամբ Հայաստանի մթնոլորտն ու գործելաոճը:
Հարլեմ Դեզիրն ընդգծել է պետական կառավարման համակարգի գործունեության թափանցիկության հետևողական բարձրացման բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և ողջունել կառավարության նիստերն ու տեղի ունեցող քննարկումներն ուղիղ հեռարձակումների միջոցով ԶԼՄ-ներին և ընդհանրապես հանրությանը ներկայացնելու քայլերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ պետական մարմինների սերտ և արդյունավետ համագործակցությունից:
Երկրում մամուլի անկախության ապահովման գործում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԶԼՄ- ներին միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր մեխանիզմներով օժանդակության ցուցաբերումն ու այդ ուղղությամբ ծրագրերի ընդլայնումը: Հարլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է և ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը: