Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի ունեցած ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա:
Ընդունված փաստաթուղթն արտացոլում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների բնույթն ու երկուստեք կարևորություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում և հարցերում դիրքորոշումներ: Փաստաթղթում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքին` Խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն՝ խուսափելու ներքաղաքական դաշտում լարվածության աճից, զերծ մնալ ատելության խոսքի ցանկացած դրսևորումներից, անհանդուրժողականությունից և բռնությունից` նպատակ ունենալով չթուլացնել երկրի կայունությունը և հասարակական միախմբվածությունը: Կոմիտեն նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին ապահովել, որ գալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ժողովրդավարության, արդարության և թափանցիկության մթնոլորտում` բոլոր քաղաքական ուժերին տալով հնարավորություն իրականացնելու իրենց նախընտրական քարոզարշավները հանգիստ պայմաններում: Փաստաթղթում նշվում է, որ Ազգային ժողովին պետք է տրվի հնարավորություն Սահմանդրության շրջանակում իր գործառույթներն իրականացնելու համար: Կոմիտեն նաև հիշեցնում է Սահմանադրությանը համապատասխան օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի կարևորությունը:
Այս համատեքստում փաստաթուղթը նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին իրականացնելու ԵԽ Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր առաջարկությունները, հատկապես այնպիսիք, որոնք վերաբերում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ըստ անհրաժեշտության դիմել նաև միջազգային հանրության աջակցությանը, օրինակ ԵՄ-ին ու Եվրախորհրդարանին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցին՝ կոմիտեն ափսոսանք է հայտնում հակամարտության հետևանքով մարդկային շարունակական կորուստների համար, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետ կապված, որ խլում է թե զինծառայողների և թե քաղաքացիական անձանց կյանքեր երկու կողմերից, խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կոմիտեն նաև ընդունում է, որ ներկայիս ստատուս քվոն ոչ ընդունելի է ու ոչ էլ կայուն և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Փաստաթղթում գործընկերության կոմիտեն վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և 2009-ի հիմնարար սկզբունքներին, ինչը նշված է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկեության համաձայնագրում` խոսքը վերաբերում է այն նպատակներին և սկզբունքներին, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին: Կոմիտեն ընդգծում է, որ ջանքերը պետք է հիմնված լինեն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համընդհանուր սկզբունքների վրա, որ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով և այլ բազմակողմ փաստաթղթերով, որոնք ընդգծում են խաղաղ կարգավորման առնչությամբ առկա համաձայնեցված ձևաչափերի կարևորությունը: Կոմիտեն նաև կարևորում է անվտանգության, կանխատեսելիության և կայունության առնչությամբ սպառազինությունների վերահսկման և վստահության, անվտանգության ապահովման համար միջոցների առկայությունը:
Ընդունված եզրափակիչ հայտարարությամբ Կոմիտեն կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին վարել բարձր մակարդակի բանակցություններ և հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցների ու նորացված երկխոսության՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար, կայունացնել անվտանգային իրավիճակը և խթանել ավելի կառուցողական մթնոլորտ հետագա բանակցությունների համար՝ նպատակ ունենալով հակամարտության խաղաղ կարգավորումը: Գործընկերության կոմիտեն վերահաստատնում է իր ողջ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման առնչությամբ, ինչպես առաջարկված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և ինչն իր աջակցությունն է ստանում Եվրոպական միության ու Եվրոպական խորհրդարանի կողմից:
Ընդունված փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Կոմիտեն հիշեցնում է, որ 2018-ի դեկտեմբերի 9-ին լրանում է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը ու կոչ է անում ԵՄ անդամ պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոմիտեն նաև առնաձնացնում է այն հանգամանքը, որ այս հարցը վերջին տարիներին դարձել է Թուրքիայում բաց և հանրային բանավեճերի առարկա: