Հոկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում կայացավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ։ Ողջունելով հյուրերին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծեց. «Առանձնահատուկ հիշատակման է արժանի իրողությունը, որ ԱՄՆ այսչափ բարձր մակարդակի պատվիրակությունը ժամանում է Հայաստան հայ ժողովրդի նորագույն պատմության բեկումնային շրջանում: Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ երկկողմ քաղաքական, տնտեսական, առևտրային հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը»:
Ջոն Բոլտոնը նշեց. «Ուրախ եմ լինել Հայաստանում՝ ընդգծելու մեր երկկողմ հարաբերությունների կարևորությունը և անդրադառնալու այդ հարաբերություններին ու տարածաշրջանին առնչվող հարցերի լայն շրջանակի: Ես շատ եմ կարևորում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ռազմավարական ու անվտանգության հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի մասով, տարածաշրջանային կայունությունը մեծացնելու մեր ընդհանուր ջանքերը քննության առնելու այս հնարավորությունը: Մենք աջակցում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին, որոնք նախանշում են առավել բարեկեցիկ, ազատ ու անկախ ապագա»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և երկու երկրների արտաքին քաղաքական գերակայությունները, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Երկուստեք կարևորվեց ԱՄՆ–ում հայկական համայնքի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։