Եթե վարչապետի այլ թեկնածու չլինի, Ելքը Փաշինյանի թեկնածությունը չի առաջադրի` ասել է խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ կգործեն ըստ իրավիճակի։ «Ասեմ, որ առաջին անգամ նշված էր քվեարկություն բառը, և որպեսզի տեղիք չտանք տարբեր խոսակցություններին և տարակարծիք մեկնաբանություններին, որոշում կայացվեց առաջադրվելու, և այդ ճանապարհը ընտրվեց, որին մենք ականատես եղանք։ Երկրորդի պարագայում նման նշում չկա և կգործենք ըստ իրավիճակի, որովհետև եթե ունենանք մի իրավիճակ, որ առաջադրվելու կարիք լինի, կարծում եմ, դա շատ արագ կկազմակերպվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Եթե առաջին ընտրության դեպքում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը խորհրդարանական բոլոր խմբակցություններն ունեն, ապա երկրորդ անգամ թեկնածուին կարող են առաջադրել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ այսինքն 35-ը: Եթե Փաշինյանին առաջադրելու հարց առաջանա, 31 հոգանոց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ իրենք կաջակցեն «Ելք»-ին։