ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստան այցից առաջ եղել է Բաքվում: Ադրբեջանական ԶԼՄ-ները կեղծել են Բոլտոնի մի շարք հայտարարություններ: Օրինակ, նա հայտարարել է, որ Հարավային Կովկասը ԱՄՆ ռազմավարական հետաքրքրությունների շրջանակներում է, բայց ադրբեջանական ԶԼՄ-ներում դա ներկայացվել է, թե Ադրբեջանը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է:
Հաջորդ օրինակը վերաբերվում է Ղարաբաղի խնդրին: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բոլտոնն իբր հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Այնինչ նա նման եզրաբանություն չէր օգտագործել: Նա հայտարարել էր, որ ծանոթանալու է կողմերի տեսակետներին, իսկ Երեւանում էլ ասել է, թե եթե դա հեշտ հարց լիներ՝ վաղուց լուծված կլիներ, եւ կողմերն իրենք պետք է կարողանան լուծումներ գտնել:
Իսկ երրորդ օրինակն ընդհանրապես հետաքրքիր է: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բոլտոնի թարգմանիչը սխալ էր թարգմանել նրա խոսքերը Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների մասով եւ ներկայացրել այնպես, թե իբր ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառելու Ռուսաստանի դեմ: Այնինչ, Բոլտոնը լրիվ այլ բան էր ասել: Ինչո՞ւ են Բաքվի ԶԼՄ-ները կեղծել Բոլտոնի հայտարարությունները: Ըստ ամենայնի, ԶԼՄ-ները ներկայացրել են Ադրբեջանի իշխանության ցանկությունը, բայց դատելով իրողություններից՝ Բաքվում չեն ստացել այն, ինչ ցանկացել են: