Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ համաներում հայտարարելու որոշման նախագիծը չպետք է հրապարակվեր ԱԺ պաշտոնական կայքում։ «Աժ կայքում համաներման նախագիծը հրապարակելը որոշակի հակասության մեջ է մտնում ԱԺ կանոնակարգ օրենքի հետ, որի համաձայն, այդ նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է փակ ռեժիմով։ Ձեռք գցել, ինչ-ինչ ճանապարհներով հայթայթել այդ փաստաթուղթը, դարձնել հրապարակման առարկա, հակասում է հանրային շահին»` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարարի պաշտոնակատարը։ Լրագրողների դիտարկմանը, թե բազմաթիվ փաստաբաններ պնդում են, որ հայտարարվող համաներումն ամենևին էլ աննախադեպ չէ, Զեյնալյանը արձագանքեց. «Սա նախագիծ է, մենք ունենք հիմնավոր փաստաթղթեր, ըստ որի, այս համաներումը բավականին ընդգրկուն համաներում է»։
Անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը՝ Զեյնալյանն ասաց, որ այն լրամշակվելու է ու փոփոխության է ենթարկվելու։ Համաներման նախագծի բովանդակության մասին նախարարի պաշտոնակատարը ձեռնպահ մնաց խոսել և միայն ասաց. «Համաներումը պետության պարտականությունը չէ, այլ բարի կամքի դրսևորում»։