Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի հավատում Սաուդյան Արաբիայի վարկածներին՝ սաուդ լրագրող Ջեմալ Հաշոգիի սպանության վերաբերյալ` գրում է diken.com.tr կայքը: Թուրքիայի նախագահը պահանջել է Սաուդյան Արաբիայից բացահայտել ամբողջ տեղեկատվությունը սպանության վերաբերյալ, հայտնել, թե որտեղ է Հաշոգիի մարմինը, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող որ անձի հետ են համագործակցել գործողությունն իրականացրած սաուդցիները և ումից է ստացված գլխավոր հրամանը: «Սպանության օրը Ստամբուլ ժամանած 15 հոգուն ո՞վ է տվել այդ հրամանը: Եթե չեք կարողանում խոսեցնել այս մարդկանց՝ տվեք մեզ: Այնպես չէ, որ մենք այլ տեղեկություններ չունենք մեր ձեռքի տակ: Ո՞վ է այն տեղացին, ում, ըստ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարի, հանձնել են մարմինը: Եթե այդքանը գիտես՝ դա էլ պիտի իմանաս», - ասել է Էրդողանը: