ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Մոսկվան պատրաստում է պատասխանը փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրում Ռուսաստանի մասով ԱՄՆ-ի հայտնած մտահոգություններին:
Ռուսաստանի հեռուստատեսությանը հարցազրույցում Լավրովն ասել է, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրհդական Ջոն Բոլտոնը Մոսկվայում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, ներկայացրել է Վաշինգտոնի մտահոգությունները՝ հայտնելով, որ դրանք դրդում են ամերիկացիներին դուրս գալ 1987-ի պայմանագրից: Լավրովի փոխանցմամբ, ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է պայմանագիրը խախտելու համար՝ պնդելով, որ Ռուսաստանը փորձում է ստեղծել պայմանագրին հակասող միջին հեռահարության նոր հրթիռ: Ռուսաստանը հերքում է մեղադրանքը: «Ռուսաստանի հետ պետք է բանակցել հավասարը հավասարի պես, անպայման չէ բարեկամ լինել, մենք մեր բարեկամությունը չենք պարտադրում», - ասել է Լավրովը: