Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է։ Կապն այս պահին գործում է նաև նախիջևանյան ուղղությամբ` ասել է ՊՆ ԺՊ Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակի բացման ժամանակ։
«Այս պահին հաստատված է օպերատիվ կապ: Այն նախկինում ևս եղել է, սակայն հիմա վերականգնված է։ Աշխատանքները տարվում են»,- ասել է Տոնոյանը, Նա անդրադարձել է նաև օրերս Հայաստան այցելած՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ Հայաստանին զենք վաճառելու ակնարկին։ Ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն ստանալու և ռուսական զենքը ամերիկյան զենքով փոխարինելու մասին լրագրողի դիտարկմանն անդրադառնալով՝ նախարարի պաշտոնակատարը նշել է. «Զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ով կարողանում է, ինչ կարողանում է՝ ձեռք է բերում: Մենք այս պահին ԱՄՆ- ից ոչ մի առաջարկություն չենք ստացել»։
Հարցին, թե առաջարկ ստանալու դեպքում ինչպես կարձագանքի հայկական կողմը, նախարարի պաշտոնակատարը պատասխանել է, որ գոյություն ունի գին, որակ, մատակարարման ժամանակ։