Ստամբուլում, որտեղ նախօրեին ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների՝ Սիրիայի հարցով գագաթաժողովը, այսօր կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը և Դավիթ Զալկալիանին:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն եռակողմ համագործակցության ոլորտում արձանագրած առաջընթացը և տարածաշրջանային ու համաշխարհային իրադարձությունները», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում: Երեք նախարարները կքննարկեն տնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում:
Վերլուծաբանների կարծիքով՝ նախարարները կանդրադառնան Սիրիայի թեմային:
Ստամբուլում նախօրեին Ռեջեփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը քննարկել են Սիրիայի պատերազմին վերջ տալու ուղիները:
Նախարարները հավանաբար տեղեկություններ կփոխանակեն ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի Ռուսաստան և հարավկովկասյան երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան այցերի մասին: Ստամբուլում այս ձևաչափով հանդիպումը արդեն 7-րդն է: Նախորդ անգամ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են 2017-ին Բաքվում: