Ներկայացնելով նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագիրը, իրենք վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ու լրացումները ընդունել այն հաշվարկով, որպեսզի չխախտվեն սահմանված հաշվարկները։
«Հետևաբար, խնդրում եմ քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, որպեսզի կարողանանք առաջին ու երկրորդ ընթերցումով ընդունել», - ասաց նա։
Գևորգ Պետրոսյանին հարցով դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հետաքրքրվելով, թե հուշագրի կնքումն ի՞նչ կապ ունի Ընտրական օրենսգրքի ու այս ռեժիմի քվեարկության հետ։
«Հուշագիրն այնքանով է առնչվում, որքանով «Ծառուկյան» դաշինքը այն խմբակցությունն էր, որը արտահերթ առաջին նիստում Ընտրական օրենգրքի ընդունումը տապալելուց հետո նախաձեռնեց 2-րդ արտահերթ նիստը՝ կրկին հիմք ընդունելով մեր ստանձնած պարտավորությունները», - ասաց Գ. Պետրոսյանը։
Էդմոն Մարուքյանն էլ նշեց, թե հուշագիրը ստորագրվել էր նախքան տապալումը ու նախորդ անգամ, որ տապալվել է, բացականեր կային նաև «Ծառուկյան» խմբակցությունից։ «Պետք չէ այդ հուշագրի լույսի ներքո ներկայացնել այդ նախաձեռնությունը», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Գևորգ Պետրոսյանն էլ արձագանքեց, թե, հավանաբար, Էդմոն Մարուքյանի դժգոհությունը գալիս է նրանից, որ ինքը չշեշտեց՝ «Ելքն» էլ է միացել արտահերթին։
«Մենք նախաձեռնեցինք, դուք միացաք, ի՞նչն է ձեր դժգոհությունը», - ասաց Գևորգ Պետրոսյանը: