Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգին փորձում էր գտնել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ` հայտնել է Sunday Express-ը՝ հղում անելով մի աղբյուրի:
«Ես նրա հետ հանդիպեցի մահվանից մեկ շաբաթ առաջ: Նա տանջահար էր ու անհանգիստ: Երբ հարցրի, թե ինչու է անհանգստացած, նա այնքան էլ չցանկացավ պատասխանել, բայց, վերջ ի վերջո, ինձ ասաց, որ ինքն ստացել է ապացույցներ, որ Սաուդյան Արաբիան քիմիական զենք է օգտագործել: Նա ասաց, թե հուսով է, որ փաստական ապացույցներ կստանա», - թերթին ասել է սպանվածի ընկերը: Հետախուզության աղբյուրը թերթին հայտնել է, որ հետախուզությանը հայտնի է եղել, որ «ինչ-որ բան է տեղի ունեցել» սեպտեմբերի առաջին շաբաթում՝ միջադեպից երեք շաբաթ առաջ: «Այդ մանրամասները ներառում էին նախնական հրամաններ՝ բռնել պարոն Հաշոգիին և հետ բերել Սաուդյան Արաբիա հարցաքննության համար», - հայտարարել է հետախուզության աղբյուրը: Նրա խոսքով՝ հրամանները տրվել էին թագավորական շրջապատի անդամից, բայց գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հրամանների կապի մասին ուղղակի տեղեկատվություն չկա: