Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և կարևորել դերը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ. շեշտել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հակամարտության բոլոր կողմերի հանձնառության անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են Հայաստանում վերջին քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացի դինամիկային, մտքեր են փոխանակել սեպտեմբերի վերջին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման և պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է պայմանավորվածությունների պահպանումն ու արդյունավետ իրականացումը, որոնք կնպաստեն փոխվստահության և խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Կողմերն ուղենշել են հետագա հնարավոր քայլերը: