Անկարայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների 7-րդ եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Արցախի հիմնախնդրի մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ հարցը լուծվի Ադրբեջանի օգտին: «Թուրքիան ցանկացած հարթակում, ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ամենուր ընդգծում ենք սա: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որ այդ խնդիրները լուծվեն խաղաղ, միջազգային իրավունքին հարիր ճանապարհով և տարածքային անմբողջականության սկզբունքի շրջանակներում», - ասել է Չավուշօղլուն:
Նա կարևորել է երեք երկրների ներգրավմամբ նախաձեռնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ու Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծերն ու շեշտել, որ ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունը շատ կարևոր է ու գոհացուցիչ: