Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահը վերահաստատել է Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարևորելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին: Բակո Սահակյանը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը` համարելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման առանցքային բաղադրամասերից մեկը: