Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկիի հետ։ Նա վերահաստատել է Արցախի հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։
Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը, որը ժամանակին ապացուցել է իր արդյունավետությունը։ ԱԳ նախարարի գնահատմամբ՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին կարևոր է տարածաշրջանային խաղաղության պահպանման պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Մասիս Մայիլյանը նշել է, որ կարգավորման գործընթացում Արցախի կարգավիճակը՝ որպես հակամարտության կողմ, լեգիտիմ է և անվիճելի, ինչն ամրագրված է ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերով, հրադադարի հաստատման և դրա ամրապնդման հետ կապված համաձայնագրերով։ Նա համանախագահների ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների իրագործման իրավիճակի վրա՝ նշելով, որ հակամարտության չկարգավորված լինելը չպետք է խոչընդոտի Արցախի քաղաքացիների անքակտելի իրավունքների, այդ թվում՝ զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքների իրացման գործում։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ։ Մասիս Մայիլյանը նշել է, որ ժամանակն է վերանայել բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումներ՝ համոզմունք հայտնելով, որ կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ու նրա ժողովրդի անվտանգությունը։