ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Նորավանք» հիմնադրամին. «Օրեր առաջ «Նորավանք» հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացմում եմ իր պատասխանը, որից երևում է որ «Նորավանքը», ցավոք, իրոք լուծարվում է: Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանութունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)։ Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանի նամակում չկա որևէ այլ հիմնավորում, դժգոհություն կամ քննադատություն հիմնադրամի աշխատանքների հասցեին։ Հարց է առաջանում նաև, թե եթե ընդունում եք հիմնադրամի ներուժը և իբր պատրաստ եք օգտագործել այլ ձևաչափով, ինչու՞ եք նման հարված հասցնում Հայաստանի փորձագիտական-վերլուծական համակարգին կամ ինչու՞ լուծարելուն զուգահեռ չեք մտածել միանգամից նոր ձևաչափի մասին։
Այսպես, միայն իրենց հասանելի տրամաբանությամբ վերացվում է միջազգային ճանաչում ունեցող, կայացած ու երկրի համար շատ կարևոր մի հաստատություն։
«Փակենք հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում։ Եթե հինը վերացնելուց նորը չեք ստեղծում, Ձեզնից հետո թողնելու եք ամայի և դատարկ խորշեր։
Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել»: