ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչպես է Իրանի ԱԳ նախարարը ստամբուլյան եռակողմ հանդիպմանը ձևակերպել Արցախի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը

Ինչպես է Իրանի ԱԳ նախարարը ստամբուլյան եռակողմ հանդիպմանը ձևակերպել Արցախի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը
31.10.2018 | 14:40

Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում անցկացվել է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը: Նախորդը տեղի էր ունեցել Բաքվում, հաջորդը կայանալու է 2019-ին, Իրանում: Ի՞նչ ձևակերպում է իրականում տվել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Ստամբուլում կայացած Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մի դեպքում անդրադարձ է կատարվել նախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ, իսկ մյուս դեպքում՝ մամուլի ասուլիսի ժամանակ խնդրին անդրադարձել է Մոհամադ Ջավադ Զարիֆը: Իրանի ԱԳՆ կայքում հրապարակված տեսանյութում արտգործնախարար Զարիֆը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշել է. «Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը հաստատակամ են բարեկեցիկ դարձնելու իրենց ժողովուրդների կյանքը, նպաստելու երեք երկրների առաջընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հաղթահարելու մարտահրավերները: Երեք երկրներն այդ մարտահրավերների նկատմամբ ունեն ընդհանուր դիրքորոշում: Մենք հուսով ենք, որ տարածաշրջանային խնդիրները, ինչպիսիք Պաղեստինի, Եմենի և Սիրիայի ժողովուրդների խնդիրներն են, ինչպես նաև տարածաշրջանի մյուս խնդիրները խաղաղ հանգուցալուծում կստանան»:


Այնուհետև շարունակելով խոսքը՝ Զարիֆը ասել է. «Միևնույն ժամանակ, մենք մշտապես ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա, իրականում, այդ մասին անդրադարձ է կատարվել նաև նախարարների համատեղ հայտարարության մեջ»: Համատեղ հայտարարության մեջ արցախյան հակամարտությանն առնչվող դրույթը ձևակերպված է. ՙ*Կողմերը վերահաստատում են, որ հարգում են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, միևնույն ժամանակ վերահաստատում՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկրների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»: Այդ առնչությամբ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առկա տարաձայնությունների շուտափույթ լուծումը՝ համաձայն վերոնշյալ սկզբունքների: Եթե համեմատենք Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ հրապարակված նախորդ համատեղ հայտարարությունները, հիմնականում նմանատիպ ձևակերպումներ են տրված:


Իրանի նախագահ Հասան Ռուհանին էլ հիմնականում հակամարտությունների վերաբերյալ նման ձևակերպումներ է տալիս: Սովորաբար համատեղ հայտարարություններում նշվում են այնպիսի ձևակերպումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին, միևնույն ժամանակ կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում յուրովի մեկնաբանել դրույթները: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության վերաբերյալ ձևակերպմանը, իրանական կողմը մշտապես կարևորել է այդ սկզբունքը՝ հաշվի առնելով երկրում անջատողական վտանգը:


Ստամբուլի հանդիպման ժամանակ հրապարակված համատեղ հայտարարության նորույթը «երկրների ներքին գործերին չմիջամտելու» դրույթն էր, որն ամենայն հավանականությամբ ընդգրկվել է իրանական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու Իսրայելի և Ադրբեջանի ռազմական սերտ համագործակցությունը:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ