ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին, որոնք Երևանում են` մասնակցելու «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» միջազգային աշխատաժողովին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Արարատ Միրզոյանը Ջիանի Բուքիքոյին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները՝ կապված ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հետ։ Նա վերահաստատել է ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ անկախ գործող օրենսգրքի որոշակի մտահոգիչ և մանիպուլյատիվ կարգավորումների՝ որպես օրինակ մեջբերելով Երևանի ավագանու ընտրությունները, որոնք, տեղական ընտրությանը բնորոշ առանձնահատկություններով հանդերձ, գրանցեցին ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների աննախադեպ օրինակ։ Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ կառավարությունը խիստ կարևորում է միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարումը, և զրուցակիցներին ներկայացրել է այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։
Ջիանի Բուքիքիոն հետաքրքրվել է Աժ արձակման սահմանադրական կարգավորումներով, որին անդրադառնալով Գագիկ Հարությունյանը շեշտել է, որ արդեն ամիսներ շարունակ երկրում խախտված է կայուն խորհրդարանական մեծամասնության սահմանադրական սկզբունքը, ինչը կառավարման և ինստիտուցիոնալ բազում խնդիրներ է ստեղծում։ Գագիկ Հարությունյանը նշել է, որ Ազգային ժողովն ուներ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու միջոցով ճգնաժամը հաղթահարելու իրավական հնարավորություն, ինչը չարեց։
Ամփոփելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեման՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընտրություններից հետո կառավարությունը հետևողական է լինելու թե սահմանադրական, թե ընտրական օրենսգրքի և թե կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների հարցում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ առաջիկա թե սահմանադրական, թե ընտրական բարեփոխումների իրականացման ընթացքում Հանձնաժողովը լիակատար պատրաստակամություն ունի աջակցելու իշխանություններին։